Մեր երկրի ապագան չի պատկանում օտար երկրի գործակալներին. Ղարիբաշվիլի

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

«Մեր երկրի ապագան չի պատկանում և այլևս չի պատկանելու օտար երկրի գործակալներին, ոչ էլ՝ օտար երկրի ծառաներին, մեր երկրի ու ժողովրդի ապագան պատկանում է հայրենասերներին։ Մի բան ուզում եմ հիշեցնել բոլորին, այդ թվում՝ արմատական ​​ընդդիմությանը. տեղի է ունեցել ամբողջական լյուստրացիա, թե ում են ծառայում այս մարդիկ»,- այս մասին Բեռլինում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով «օտարերկրյա գործակալների մասին» օրինագծերին, ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Վարչապետը կիսում է ռուսական օրենքի նախաձեռնողների տեսակետները և աջակցում է դրա ընդունմանը։

«Գիտեք, որ օրինագծի երկու տարբերակ է ներկայացվել խորհրդարան: Մեկը այսպես կոչված «Ժողովրդի ուժի» պատրաստած վրացական տարբերակն ու երկրորդը՝ այսպես կոչված ամերիկյան տարբերակը, այսինքն, ինչպես ինձ բացատրեցին, և մենք գիտենք, որ այդպես է, իրականում ամերիկյան օրենքը թարգմանվել է և բերվել մեր իրականություն։ Ամերիկայում այս օրենքն ընդունվել է 1939 թվականին, եթե չեմ սխալվում, և դրանից հետո այս օրենքը գործում է, և չեմ կարծում, որ որևէ մեկը ցանկացել է քննարկել կամ դատել, թե ինչու է նման օրենք գործում Ամերիկայում։ Նման օրենքներ գործում են նաև այլ երկրներում։

Յուրաքանչյուր երկրի ինքնիշխան որոշումն է, թե տվյալ պահին ինչպիսի օրենք է պետք երկրին։ Ընդհանրապես ուզում եմ ասել հետևյալը՝ մենք, մեր կառավարությունն ամեն ինչ անում ենք մեր երկրի ինքնիշխանությունն ամրապնդելու համար։

Սա է մեր հիմնական խնդիրը։ Մեր երկրի անկախությունը: Մենք մեր երկիրը տանում ենք եվրաինտեգրման ճանապարհով, վերջին տասը տարիներին, կարծում եմ, բոլորս էլ լավ գիտենք, որ «Վրացական երազանքը» բերեց ասոցացման համաձայնագիրը, ազատ առևտուրը, առանց վիզայի ռեժիմը, այժմ՝ եվրոպական հեռանկարը, որով վերջապես ապացուցվեց, որ մենք իսկապես լինելու ենք եվրոպական ընտանիքի լիիրավ անդամ և հիմա սպասում ենք կարգավիճակին։ Մեր կառավարությունն ամեն ինչ անում է, որ շատ շուտով ստանա այս կարգավիճակը։ Ցանկացած շահարկում, որ մենք լսել ենք ընդդիմությունից, անհիմն է։ Հասկանալի է, որ դա կարող է շատերի համար անընդունելի հարց լինել, բայց մենք իշխանություն ենք, որպեսզի անենք այն, ինչ պետք է մեր ժողովրդին ու երկրին։

Այստեղ, օրինակ, գիտենք բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, որոնք ուղղակիորեն պայքարում են պետականության, պետության շահերի դեմ։ Մենք գիտենք բազմաթիվ կազմակերպությունների, որոնք դրսից ստացած ֆինանսավորմամբ իրականացրել են հակակառավարական ցույցեր, բազմաթիվ սադրիչ միջոցառումներ, որոնք չեն ծառայում մեր երկրի ազգային շահերին։ Նրանց ֆինանսավորումը թափանցիկ չէ։

Մյուս կողմից մեզ հորդորում են, որ կառավարության գործունեությունը, խորհրդարանի գործունեությունը պետք է լինի լիովին թափանցիկ, և դա այդպես է։ Մենք թափանցիկության առաջնագծում ենք ամբողջ աշխարհում: Նույն բյուջեի թափանցիկության առումով մենք թիվ մեկն ենք։ Մենք աշխարհում առաջին տեղում ենք: Այնպես որ, կարծում եմ, որ քարոզարշավը, որ հիմա ընթանում է, հիմնազուրկ է, հասկանում եմ, որ ցավալի է իրենց համար, քանի որ տարիներ շարունակ տասնյակ միլիոնավոր դոլարների դրամաշնորհներ են ստացել, և չկար թափանցիկություն, տեղեկատվություն, հաշվետվողականություն հասարակության առաջ։ Հաշվետվության և թափանցիկության նվազագույն չափանիշը անհրաժեշտ պահանջ է, որը լիովին համապատասխանում է եվրոպական և համաշխարհային չափանիշներին:

Մեր օրենսդիրների՝ խորհրդարանի կողմից շատ հստակ բացատրվեց, որ նախատեսվում է այս երկու օրինագծերն էլ առաջին ընթերցմամբ ընդունել, որից հետո, ինչպես բացատրեցին մեր պատգամավորները, այդ օրինագծերը կուղարկվեն Վենետիկի հանձնաժողով։ Մենք կսպասենք Վենետիկի հանձնաժողովի առաջարկություններին, դրանց գնահատականին, իսկ խորհրդարանը կշարունակի քննարկել այդ հարցը»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։

Խորհրդարանական մեծամասնությունը փոխել է օրակարգը և այսօր՝ մարտի 7-ին, խորհրդարանի լիագումար նիստում հրատապ կքննարկի «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծերը։ Ինչպես ասում են «Վրացական երազանքի» անդամները, առաջին ընթերցումից հետո երկու օրինագծերն էլ կուղարկվեն Վենետիկի հանձնաժողով՝ իրավական գնահատական ​​տալու։ Բացի այդ, պատգամավոր Գուրամ Մաճարաշվիլին ասել է, որ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը պարտադիր չի լինելու։

«Օտարերկրյա գործակալների գրանցման մասին» և «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքների նախագծերը պարտավորեցնում են այն լրատվամիջոցներին և հասարակական կազմակերպություններին, որոնց եկամտի 20%-ից ավելին ստացվում է արտասահմանից, գրանցվել որպես «օտարերկրյա ազդեցության գործակալներ»։ Արդարադատության նախարարությունը իրավասու է ստուգել լրատվամիջոցները և հասարակական կազմակերպությունները, մշակել անձնական տվյալները և տուգանել 25 հազար լարիով։ Օրենքի նախագծով այս օրենքը խախտողի համար նախատեսվում է 5 տարվա ազատազրկում։

Օրինագծերին դեմ են անկախ լրատվամիջոցները, հասարակական կազմակերպությունները, քաղաքացիները, ընդդիմադիր կուսակցությունները։

Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանը խորհրդարանին կոչ է արել չաջակցել այն օրենսդրությանը, «որը, հավանաբար, կպիտակավորի քաղաքացիական հասարակությանը, կլռեցնի անկախ ԶԼՄ-ները և այլախոհ ձայները, ճիշտ այնպես, ինչպես նման օրենսդրությունն արել է Ռուսաստանում և Ռուսաստանի նման այլ երկրներում»:

 

Այս թեմայով՝

Նրանք, ովքեր կողմ կքվեարկեն այս օրինագծին, վտանգի տակ կդնեն եվրատլանտյան ապագան. Դեգնան

Օտարերկրյա ազդեցության գործակալների մասին օրինագիծը չի համապատասխանում ԵՄ նորմերին. Բորել

«Ժողովրդի ուժի» օրինագիծն անհամատեղելի է ժողովրդավարության սկզբունքների հետ. Հանրային պաշտպան

Ես չեմ կարող աջակցել նման օրենսդրությանը և նոր գործակալների հետապնդմանը. Զուրաբիշվիլի

«Երկու օրինագծերն էլ հակասահմանադրական են». ՍԴ նախկին դատավոր

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):