Խորհրդարանական մեծամասնությունը նախատեսում է մինչև այս տարվա հունիսի վերջ հաստատել օտարերկրյա գործակալների վերաբերյալ նախաձեռնված երկու օրինագծերից մեկը։ Այս մասին հայտարարել է խորհրդարանական մեծամասնության անդամ Դիմիտրի Խունդաձեն։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
«Վրացական երազանք» խմբակցության ղեկավարների հետ հանդիպմանը կայացվեցին հետևյալ որոշումները. առաջիկա օրերին կանցկացվեն ինչպես վրացական, այնպես էլ ամերիկյան օրինագծերի հանձնաժողովային և լիագումար քննարկումներ, որից հետո մենք կաջակցենք երկու նախագծերին՝առաջին ընթերցմամբ։ Նախքան առաջին ընթերցումը օրինագծի վրացական տարբերակը կներառի մի քանի տեխնիկական փոփոխություններ, որոնք կհստակեցնեն արտաքին ազդեցության գործակալների շրջանակը, օրինակ՝ օրենքը չի տարածվի լիազորված ուսումնական հաստատությունների, համապատասխան բժշկական հաստատությունների վրա և այլն։ Առաջին ընթերցումից հետո ինչպես վրացական, այնպես էլ ամերիկյան օրինագիծը կուղարկվի Վենետիկի հանձնաժողով։ Բացի այդ, ելնելով այն հանգամանքից, որ մենք ցանկանում ենք նախագիծը երեք ընթերցմամբ ընդունել մինչև ընթացիկ նստաշրջանի ավարտը, խնդրում ենք Վենետիկի հանձնաժողովին արագացված կարգով ներկայացնել եզրակացությունը։ Վենետիկի հանձնաժողովի առաջարկությունների համաձայն՝ մինչև հունիսի վերջ մենք երեք ընթերցմամբ կընդունենք օրենքի նախագծի վրացական կամ ամերիկյան տարբերակը։
Մենք ցանկանում ենք այն ուղարկել Վենետիկի հանձնաժողով, քանի որ ցանկանում ենք իմանալ նրանց դիրքորոշումը։ Եթե կլինեն մեկնաբանություններ, որոնք պետք է հաշվի առնել, իհարկե, մենք հաշվի կառնենք։ Վերջապես այս երկուսից մեկը կընդունվի»,- ասել է Խունդաձեն։
Վենետիկի հանձնաժողովի գործառույթն է իրավական առաջարկություններ տրամադրել Եվրոպայի խորհրդի անդամ երկրներին, որոնք ցանկանում են իրենց օրենսդրությունը կամ իրավական կառույցները համապատասխանեցնել եվրոպական չափանիշներին և ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության միջազգային փորձին: 2014 թվականին Վենետիկի հանձնաժողովը քննադատական զեկույց է պատրաստել Ռուսաստանի Դաշնությունում ընդունված «Օտարերկրյա գործակալների» օրենքի վերաբերյալ, որում ասվում է, որ դրսից ֆինանսավորում ստացող ոչ առևտրային կազմակերպությունների թափանցիկության ապահովման շահագրգռվածությունը չի կարող արդարացնել աշխատող կազմակերպությունների գործունեությունը սահմանափակող միջոցառումները՝մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության ոլորտներում։ «Օտարերկրյա գործակալներ» տերմինի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովը գրել է, որ, վերադառնալով կոմունիստական ժամանակաշրջանում օգտագործված հռետորաբանությանը, տերմինը խարանում է այն կազմակերպություններին, որոնց նկատմամբ կիրառվում է, արատավորում է նրանց հեղինակությունը և լրջորեն խոչընդոտում է նրանց գործունեությունը:
Փետրվարի 20-ին Վրաստանի խորհրդարանի բյուրոն կողմ է քվեարկել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի քննարկման ընթացակարգ սկսելուն՝ չնայած այն հանգամանքին, որ օրինագիծը չուներ իրավաբանական բաժնի եզրակացությունը։ Մինչ այս առկա պրակտիկայի համաձայն, առանց այս եզրակացության ներկայացված օրենքի նախագիծը բյուրոյի կողմից վերադարձվել է հեղինակներին։
Վրաստանում գործող շուրջ 300 հասարակական, համայնքային և լրատվական կազմակերպություններ հայտարարություն են տարածել, ըստ որի՝ օրենքի նախագիծն ուղղված է երկրի քաղաքացիների դեմ։
- Օրենքի նախագծով օտարերկրյա ազդեցության գործակալ է համարվում ոչ ձեռնարկատիրական (ոչ առևտրային) իրավաբանական անձը (հասարակական կազմակերպությունը) և լրատվամիջոցը, որի եկամտի 20%-ից ավելին ստացվում է արտերկրից, բացառությամբ վարչական մարմինների (պետական կամ մունիցիպալ մարմնի/հաստատության) կամ մարզական ազգային ֆեդերացիաների կողմից ստեղծված կազմակերպությունների:
- Նման իրավաբանական անձինք ունենալու են ֆինանսական հաշվետվություններ ներկայացնելու պարտավորություն, որը, այդ թվում ներառում է նաև նախորդ օրացուցային տարվա ընթացքում ծախսված ցանկացած գումարի չափի և նպատակի մասին տեղեկության տրամադրում: Օտարերկրյա ազդեցության գործակալների ռեգիստրում մուտքագրված տեղեկությունները հրապարակային կլինեն:
- Օրինագծի համաձայն՝ «օտարերկրյա ազդեցության գործակալին» բացահայտելու համար Վրաստանի արդարադատության նախարարությունը հնարավորություն կունենա իրականացնել մշտադիտարկում, որի շրջանակներում նրան կտրամադրվի բոլոր անհրաժեշտ տեղեկությունները մշակելու լիազորություն՝ ներառյալ անձնական տվյալները:
- Մշտադիտարկում սկսելու համար հիմք են հանդիսանում՝ Արդարադատության նախարարության համապատասխան լիազորված անձի որոշումը, նախարարություն ներկայացված գրավոր հայտարարությունը, որը պարունակում է համապատասխան հղում օտարերկրյա ազդեցության կոնկրետ գործակալի մասին:
- Օրենքի նախագծով նախարարությանը տրվում է նաև 10, 20 և 25 հազար լարի տուգանքներ կիրառելու և կազմակերպությունների գրանցման պարտադրման լիազորություն։
Օրենքի նախագծի նախաձեռնողները (Սոզար Սուբարի, Միխեիլ Կավելաշվիլի, Դիմիտրի Խունդաձե, Գուրամ Մաճարաշվիլի, Էկա Սեփաշվիլի և այլք) պնդում են, որ օրինագիծը ստեղծվել է հիմնականում Ամերիկայի Միացյալ Նահանգներում 1938 թվականին ընդունված «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին օրենքի» (Foreign Agent Registration Act - FARA) համաձայն, թեև ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսն ասել է, որ դա հիմնված է Ռուսաստանի և Հունգարիայի նմանատիպ օրենսդրության վրա, ոչ թե ԱՄՆ-ի որևէ օրենքի: «Ժողովրդի իշխանության» անդամները որոշել են նախաձեռնել այլընտրանքային օրինագիծ, որն, ըստ նրանց, ամերիկյան օրենքի ուղիղ թարգմանությունն է։