Ո՞վ պատրաստ չէ ԵՄ-ի համար, վրաց ժողովո՞ւրդը, թե՞ «Վրացական երազանքը». Կուբիլիուսը՝ Իրակլի Ղարիբաշվիլիին

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Եվրախորհրդարանի պատգամավոր Էնդրյուս Կուբիլիուսը պատասխանել է «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Ղարիբաշվիլիի հայտարարությանը, թե Վրաստանն այս փուլում պատրաստ չէ անդամակցել Եվրոպական միությանը։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Դեկտեմբերին Ղարիբաշվիլին տոնեց Վրաստանի՝ ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակը և այն որակեց հաղթանակ։ Չորս ամիս անց նա ասում է, որ Վրաստանը պատրաստ չէ։ Կոնկրետ ո՞վ պատրաստ չէ՝ վրաց ժողովո՞ւրդը, թե՞ «Վրացական երազանք» կուսակցությունը։ Պատասխանը պարզ է՝ «Վրացական երազանքը» փորձում է ընդունել ռուսական ոճի օրենքներ, մինչդեռ եվրոպամետները բողոքում են դրա դեմ փողոցներում»,- գրել է Կուբիլիուսը X-ում։

Անդրադառնալով ռուսական օրենքին, նախկին վարչապետ՝ «Վրացական երազանքի» ներկայիս նախագահ Իրակլի Ղարիբաշվիլին լրագրողներին ասել է, որ այսօր Վրաստանը պատրաստ չէ ԵՄ անդամ դառնալ։

«Խոսքն այն մասին է, որ այս օրենքի ընդունմամբ ինչ-որ բան կարող է փոխվել, և խոչընդոտ լինել։ Առաջին հերթին երկիրը հասավ իր առավելագույնին, պիկը անցած տարի էր՝ դեկտեմբերին, մենք դարձանք թեկնածու երկիր։ Հաջորդ քայլը անդամակցությունն է: Այսօր երկիրը պատրաստ չէ անդամ երկիր դառնալու, համաձա՞յն եք։ Չկա կոնսենսուս, որ այսօր երկիրը կարող է դառնալ Եվրամիության անդամ, մանավանդ որ խնդիրներն այնքան շատ են, և դա երկար ժամանակ կպահանջի։ Այսօր ԵՄ-ն պատրաստ չէ ընդլայնման համար, և դրա համար ժամանակ կպահանջվի։ Հաջորդ քայլերը կախված են բազմաթիվ գործոններից։

Ուզում եմ ձեզ շատ պարզ ասել՝ եթե այն ժամանակ, երբ երկիրը պատրաստ լինի, մեզ ասեն, որ վաղը դառնալու եք Եվրամիության անդամ, ապա այս օրենքը կարելի է չեղարկել, վերանայել, փոխել, նորն ընդունել շատ հեշտ։ Այնպես որ, մի անհանգստացեք, ամեն ինչ շատ լավ է»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին՝ հավելելով, որ «անհրաժեշտ է թափանցիկությունն»։

Ապրիլի 17-ին, չնայած ժողովրդի բողոքին, Ամերիկայի Միացյալ Նահանգների և Եվրամիության կոչերին, «Վրացական երազանքն» առաջին ընթերցմամբ 83 ձայնով ընդունեց անկախ ԶԼՄ-ները և քաղաքացիական հասարակությունը սահմանափակող օրենքի նախագիծը։

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը և Հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին հայտարարություն են տարածել, որում ասվում է, որ օրենքի վերջնական ընդունումը բացասաբար կանդրադառնա ԵՄ ճանապարհին Վրաստանի առաջընթացի վրա։ Նրանց խոսքով՝ օրենքը չի համապատասխանում Եվրամիության հիմնական նորմերին ու արժեքներին։

Ռուսական օրենքին արձագանքել է նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ Նրա խոսքով՝ վրաց ժողովուրդն ընտրեց եվրոպական ճանապարհը, և ի պատասխան՝ Վրաստանը ստացավ թեկնածուի կարգավիճակ, իսկ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը չի համապատասխանում երկրի եվրոպական նկրտումներին, այն հեռացնում է Վրաստանը Եվրամիությունից։

Ռուսական օրենքը հակասում է Վրաստանի համար Եվրահանձնաժողովի կողմից սահմանված 1-ին և 9-րդ հանձնարարականներին, որոնց համաձայն՝ անդամակցության բանակցությունները սկսելու համար իշխանությունները պետք է ապահովեն քաղաքացիական հասարակության ազատ գործունեությունը երկրում և պայքարեն ընդդեմ Եվրամիության և նրա արժեքներին ուղղված ապատեղեկատվության դեմ։

Իշխող կուսակցությունն առաջին ընթերցմամբ նմանատիպ օրինագիծ ընդունեց նաև անցյալ տարվա մարտին, սակայն բողոքի ակցիաները ստիպեցին հրաժարվել դրանից։ Կուսակցության առաջնորդները խոստացան «անվերապահորեն, առանց որևէ պայմանի» հետ կանչել օրինագիծը, սակայն մեկ տարի անց՝ ապրիլի սկզբին, այն նորից օրակարգ բերվեց։ Օրենքի նախագծի տեքստը մնացել է նույնը՝ միայն «օտարերկրյա ազդեցության գործակալը» փոխարինվել է «օտարերկրյա ուժի շահերը կրող կազմակերպություն» եզրույթով։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):