Սաակաշվիլին բանտում գտնվող քաղաքական հակառակորդ չէ, նա Նավալնին չէ․ Զուրաբիշվիլին

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ասել է, որ Միխեիլ Սաակաշվիլին Ալեքսեյ Նավալնին չէ, և արդար ընտրությունների անցկացումը կախված չէ նրանից, թե այդ պահին որտեղ կլինի նախկին նախագահը։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Լոնդոնում՝ Chatham House միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի կողմից կազմակերպված քննարկման ժամանակ Զուրաբիշվիլին մեկնաբանել է հոկտեմբերին ազատ, արդար և մրցակցային ընտրությունների անցկացումը, որը Եվրամիության կողմից Վրաստանին տրված 9 առաջարկություններից մեկն է։ Զուրաբիշվիլիին հարցրել են, թե արդյոք նա մտահոգված է, որ «քանի դեռ ընդդիմության առաջնորդ պարոն Սաակաշվիլին մնում է բանտում, այդ պայմանը չի կատարվի»։

«Ազատ ու արդար ընտրությունները կախված չեն նրանից, թե որտեղ կլինի Սաակաշվիլին։ Նա բանտում գտնվող քաղաքական հակառակորդ չէ, նա Նավալնին չէ, եթե հարցին ուղիղ պատասխանեմ»,- ասել է Զուրաբիշվիլին։

Նրա խոսքով՝ Միխեիլ Սաակաշվիլին բանտում է իրական պատճառներով, բայց դա չի նշանակում, որ հումանիտար հեռանկարը պետք չէ հաշվի առնել։

«Հեղինակային տեսանկյունից շատ ավելի լավ կլիներ, որ նա այլ տեղ լիներ։ Դա կառավարության գործն է։ Այլ երկրները տարբեր կերպ են վերաբերվում այս հարցին՝ կա տնային կալանք, կա արտահանձնում։ Ուկրաինան նշել է, որ պատրաստ է արտահանձնում խնդրել, թեև ես վստահ չեմ, թե արդյոք դա պաշտոնապես արվել է: Այսպիսով, այս հնարավորությունները կան: Ինչ վերաբերում է ինձ, ես միայն մեկ հնարավորություն ունեմ, որը երբեք չեմ մեկնաբանում երկրից դուրս և գրեթե չեմ մեկնաբանում երկրի ներսում, քանի որ շատ ուրիշներ սպասում են ներման հնարավորությանը, և եթե ես սկսեմ բացատրել կամ հիմնավորել, դա կլինի շատ անարդար այլ մարդկանց նկատմամբ: Դրա համար չեմ մեկնաբանում։ Սա բարոյական որոշում է, որը ես ինքս կկայացնեմ, և պատասխանատվություն կրելու եմ միայն ես։ Եվ, իհարկե, դա այն չէ, ինչի վրա կարող է ինչ-որ կերպ ազդել արտաքին կամ ներքին ճնշումը»,- ասել է Սալոմե Զուրաբիշվիլին։

Ռուս ընդդիմադիր և նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավոր հակառակորդ Ալեքսեյ Նավալնին փետրվարի 16-ին՝ 47 տարեկան հասակում մահացել է բանտում։ Նա 19 տարվա պատիժ էր կրում «Բևեռային գայլ» գաղութում, որը գտնվում է Արկտիկական շրջանից 60 կիլոմետր հյուսիս գտնվող Խարպ բնակավայրում։ Նավալնիի թիմը պնդում է, որ քաղաքական գործչին սպանել է Պուտինը։

«Պուտինը բանտում սպանեց Ալեքսեյ Նավալնիին։ Անցյալ տարի Նավալնին բանտից ինձ աջակցող նամակ էր ուղարկել։ Պուտինն ինձ հաճախ էր համեմատում Նավալնիի հետ և, իհարկե, երկուսիս էլ նմանապես էր ատում։ Անցյալ տարի Պուտինի ցուցումով ռուսամետ օլիգարխ ռեժիմը թունավորեց ինձ բանտում, իսկ հետո Աստված փրկեց։ Իհարկե, Իվանիշվիլին չի հրաժարվել Պուտինի առաջադրանքը կատարելուց, և ես էլ Նավալնիի նման պայքարելու եմ մինչև վերջ Վրաստանում պուտինիզմին հաղթելու համար»,- այսպես է արձագանքել Միխեիլ Սաակաշվիլին Ալեքսեյ Նավալնիի մահվանը։

2021 թվականի հոկտեմբերի 1-ին Թբիլիսիում ձերբակալված Վրաստանի երրորդ նախագահը առողջական վիճակի վատթարացման պատճառով 2022 թվականի մայիսի 12-ից գտնվում է Հատուկ քրեակատարողական ծառայության կապալառու «Վիվամեդ» կլինիկայում։ Նա 6 տարվա ազատազրկման է դատապարտվել պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու և Սանդրո Գիրգվլիանիի սպանության գործով դատապարտվածներին ներում շնորհելու համար։ Միխեիլ Սաակաշվիլին մեղադրվում է նաև սահմանն ապօրինի հատելու, «Իմեդի» հեռուստաընկերություն ներխուժելու, նոյեմբերի 7-ի բողոքի ցույցը ցրելու, Պատարկացիշվիլիի ունեցվածքին ապօրինի տիրանալու և պետական ​​պաշտպանության հատուկ ծառայությանը պատկանող 9 024 367 լարիի յուրացման մեջ՝ այսպես կոչված «բաճկոնների» գործով։ Երրորդ նախագահը չի ընդունում մեղքը և ասում է, որ քաղաքական հետապնդման է ենթարկվում և Պուտինի գերին է։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):