Վրաստանի հետ աշխատանքը շարունակելու համար կառավարությունը պետք է փոխի կուրսը. Միլլեր

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Ամերիկայի Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերի խոսքով՝ որպեսզի ԱՄՆ-ը շարունակի համագործակցությունը Վրաստանի հետ, Վրաստանի կառավարությունը պետք է փոխի իր կուրսը։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Մայիսի 9-ին կայացած ճեպազրույցում Մեթյու Միլլերին հարցրել են Վրաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների, մասնավորապես՝ ռուսական օրենքի հակառակորդների վրա հարձակումների մասին. «Դուք հստակ հայտարարեցիք, որ կանգնած եք Վրաստանի ժողովրդի կողքին։ Կարո՞ղ եք մեզ հստակ օրինակ բերել դա ապացուցելու համար»։

«Մեզ խորապես անհանգստացնում են այն գործողությունները, որոնք կատարվել են օրինագծին դեմ արտահայտվողների նկատմամբ, և որոնք արվել են օրինագիծն առաջ մղելու համար։ Տեղյակ ենք քաղաքացիական հասարակության, ընդդիմադիր ակտիվիստների և լրագրողների նկատմամբ ոտնձգությունների և ֆիզիկական բռնությունների հաճախակի հաղորդումների մասին: Մենք դատապարտում ենք դա և կոչ ենք անում իրականացնել լիարժեք, անկախ և ժամանակին հետաքննություն։ Ես ուղղակի կասեմ և կպատասխանեմ ավելի լայն հարցին։

Ավելի քան 30 տարի մենք հաջող գործընկերություն ունենք Վրաստանի հետ, ցանկանում ենք շարունակել աշխատել Վրաստանի հետ։ Վրաստանի հետ համատեղ աշխատանքի համար դեռ ժամանակ կա, սակայն դրա համար Վրաստանի կառավարությունը պետք է փոխի կուրսը»,- ասել է Միլլերը։

Մայիսի 3-ին Թբիլիսիում հարձակման և ֆիզիկական բռնության են ենթարկվել ռուսական օրենքի դեմ բողոքի ակցիայի մասնակից երիտասարդները, ինչի համար ՆԳՆ-ն ոչ ոքի չի ձերբակալել։ Լրատվամիջոցների կողմից բացահայտված հարձակվողների թվում են Թբիլիսիի քաղաքապետարանի բյուջեից ֆինանսավորվող մարզիչները։

Մայիսի 5-ին Լանչխութիում հարձակվել են ուսուցիչ Լադո Աբխազավայի և որդու վրա։ Դատախազությունը մեկ անձի մեղադրանք է առաջադրել ֆիզիկական բռնության համար, թեև Աբխազավան ասել է, որ հարձակմանը երկու մարդ է մասնակցել։ Դատարանը գրավի դիմաց ազատ է արձակել հարձակվողին՝ Լանչխութիի շտապ բժշկական ծառայության աշխատակցին։

Մայիսի 7-ին Թբիլիսիում Շվեդիայի դեսպանատնից դուրս գալուց հետո հարձակման են ենթարկվել «Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտ» հասարակական կազմակերպության տնօրեն Գիորգի Կլդիաշվիլին և «Ֆորմուլա»-ի նկարահանող խումբը։

Մայիսի 8-ին բնակելի շենքի մուտքում հարձակման է ենթարկվել «Ազգային շարժման» անդամ Դիմիտրի Չիքովանին, ով բազմաթիվ վնասվածքներ է ստացել դեմքին ու գլխին։ Հարձակմանը նախորդել էր ապրիլի 23-ին վարչապետ Իրակլի Կոբախիձեի հայտարարությունն այն մասին, թե ռուսական օրենքի դեմ անցկացվող ակցիաներին «Դավիթ Կեզերաշվիլիի և Դիմա Չիքովանիի կողմից 1000 լարիով են ֆինանսավորվող» մարդիկ են մասնակցում։ Չիքովանին «Ֆորմուլա» հեռուստաընկերության հիմնադիր և Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Կեզերաշվիլիի կնոջ եղբայրն է։

Բնակարանի մուտքի մոտ անհայտ անձինք ֆիզիկական բռնության են ենթարկել «Ճավճավաձեի կենտրոնի» գիտաշխատող Գիա Ջափարիձեին։ Նա «Գիրչի՝ ավելի շատ ազատություն» կուսակցության առաջնորդ Զուրաբ Ջափարիձեի եղբայրն է և ակտիվորեն մասնակցում է ռուսական օրենքի դեմ ակցիաներին։ «Ինձ սկսեցին ուղղակի ծեծել։ Ինչ-որ փայտերով էին։ Ինչո՞ւ եմ ես դեմ ռուսական օրենքին, դա էին ասում»,- միջադեպից հետո ասել է Գիա Ջափարիձեն։ Նա վնասվածքներ ունի գլխի և դեմքի շրջանում։ Ինչպես հայտնել են Խեչինաշվիլիի կլինիկայում՝ առկա է գանգուղեղային վնասվածք։

Երեք անհայտ անձինք հարձակվել են ակցիաների կազմակերպիչներից և մասնակիցներից մեկի՝ բայքեր Լաշա Ղվինիանիձեի վրա իր իսկ տան դիմաց։ Նա կարծում է, որ իր գտնվելու վայրը հայտնաբերել են հարձակումից առաջ կատարած հեռախոսազանգի միջոցով: Ակտիվիստին նախորդել է սպառնալիք. «Զանգել են 72-ամյա հորս, որին ուղիղ ասել են՝ որդուդ կանգնեցրու։ Փաստ է, որ պետական ​​գերատեսչություններից անձնական տվյալներ են արտահոսել այնքան մանրամասն, որ նրանք գիտեն հասցեներն ու հեռախոսահամարները, այդ թվում՝ ընտանիքի անդամների»,- ասել է Ղվինիաձեն։

Մայիսի 9-ին, ուշ գիշերին, իրենց տների մոտ հարձակման են ենթարկվել ընդդիմադիր «Գիրչի՝ ավելի շատ ազատություն» կուսակցության անդամ Բորիս Չելե Կուրուան և «Ախալիի» անդամ Նոդար Չաչանիձեն։ Հարձակումից առաջ նրանք երկուսն էլ մասնակցել են «Ֆորմուլա»-ի հեռուստահաղորդմանը, որի թեման վերջին օրերին ռուսական օրենքի հակառակորդների ռեպրեսիաներն էին։

Մայիսի 10-ի գիշերը «Պիրվելի» հեռուստաընկերության տեղեկատվական ծառայության ղեկավար Նոդար Մելաձեն հայտնել է, որ հեռուստաընկերության մուտքի մոտ և բակում կասկածելի մեքենաներ են նկատվել դիմակավորված անձանցով։ «Պիրվելիի» եթեր է հեռարձակել տեսանյութ, որը ցույց է տալիս այս մարդկանց։ Նոդար Մելաձեի խոսքով՝ դարանակալված մարդիկ կարող են վտանգ լինել ոչ միայն հեռուստատեսությունում աշխատող մարդկանց, այլև նրանց հյուրերի համար։ Անմիջական սպառնալիքին արձագանքելու համար Մելաձեն կապվել է ՆԳՆ-ի հետ, հինգ անգամ զանգահարել 112, կապվել ՆԳՆ ռազմավարական հաղորդակցության վարչության պետ Քեթի Կովզիաշվիլիի հետ, սակայն ոստիկանությունը դեպքի վայր չի ժամանել։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):