Ես ձեր կողքին եմ, քանի որ դուք ներկայացնում եք ազատ Վրաստանը. Նախագահը ակցիայի մասնակիցներին

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Ամերիկայի Միացյալ Նահանգներից դիմել է Թբիլիսիի Ռուսթավելիի պողոտայում հավաքված քաղաքացիներին, ովքեր բողոքում են խորհրդարանի կողմից «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրինագծի ընդունման դեմ։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Ես դիմում եմ ձեզ, ովքեր այսօր երեկոյան կանգնած եք Ռուսթավելիի պողոտայում, ինչպես ես ինքս բազմիցս կանգնել եմ։ Ես կանգնած եմ այստեղ՝ Նյու Յորքում, իսկ հետևումս Ազատության արձանն է։ Սա այն խորհրդանիշն է, որի համար Վրաստանը միշտ պայքարել է։ Ահա թե ինչի համար է եկել հասել մինչ օրս:

Ես ձեզ հետ եմ, քանի որ այսօր դուք ներկայացնում եք ազատ Վրաստանը։ Այն Վրաստանը, որն իր ապագան տեսնում է Եվրոպայում և ոչ մեկին թույլ չի տա խլել այս ապագան։

Այս ապագան պատկանում է մեր հաջորդ սերունդներին, բոլորիս։ Այս ապագան այն է, ինչին նախապատրաստվել են մեր նախորդ սերունդները, և ինչին մենք պատրաստվում ենք: Ուստի ոչ ոք իրավունք չունի ձեզնից խլել ձեր ապագան։ Ոչ ոք իրավունք չունի թակարդներ դնել: Այս օրենքը, որը ոչ մեկին պետք չէ, ոչ մի տեղից չի բխում, եթե ոչ Մոսկվայի թելադրանքը։

Այս օրենքն անրհաժեշտ է չեղարկել, ինչպես ուզեք։ Վենետիկի հանձնաժողով ուղարկելու տարբերակ չկա, և Վենետիկի հանձնաժողովը լավ գիտի, թե դա ինչ օրենք է։ Ես առաջին իսկ օրվանից ասել էի, որ վետո եմ դնելու այս օրենքի վրա և վետո եմ դնելու: Ես շահագրգռված չեմ հոդված առ հոդված քննարկել։ Ինձ չի հետաքրքրում, թե դա նման է հին ամերիկյան օրենքին, որը մենք շատ լավ գիտենք, որ ծառայում է միանգամայն այլ նպատակի: Ինձ հետաքրքրում է միայն Վրաստանի ապագան:

Ինձ հետաքրքրում է միայն սահմանադրությունը, որի երաշխավորն եմ, և այս սահմանադրության մեջ գրված է, որ Վրաստանի բոլոր ինստիտուտները պարտավոր են անել ամեն ինչ, որպեսզի այս երկիրը բերվի Եվրամիություն, պաշտպանվի եվրաինտեգրման ճանապարհը։ Նրանք, ովքեր այսօր պաշտպանում են այս օրենքը, բոլոր նրանք, ովքեր այսօր կողմ են քվեարկել այս օրենքին, բոլորը խախտում են Սահմանադրությունը։ Բոլորը մեզ վանում են Եվրոպայից:

Դիմում եմ արտերկրում գտնվող դեսպաններին, ովքեր ներկայացնում են Վրաստանը եվրոպական տարբեր երկրներում, այստեղ՝ Ամերիկայում՝ ի՞նչն ենք մենք պաշտպանում, կամ դուք ինչ եք ներկայացնում, եթե ոչ այս եվրոպական ապագան։

Մենք բոլորս միասին՝ երիտասարդները, որ այնտեղ ենք, ես այստեղ, երբ բանակցում եմ, նույն բանն ենք ասում, որ չենք ուզում այն ​​օրենքը, որը կոչված է մեզ Եվրոպայից հեռացնելու։ Մենք՝ բոլորս, այսօր միասին ենք, վաղը միասին ենք լինելու ու այս երկիրը տանելու ենք Եվրոպա։ Ես դա խոստանում եմ ձեզ, քանի որ վաղուց եմ այս խոստումը տվել ինձ»,- ասել է նախագահը։

Մարտի 7-ին խորհրդարանը ձայների 76 կողմ, 13 դեմ հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը, որը նախատեսում է «օտարերկրյա գործակալի» կարգավիճակ շնորհել մեծ թվով հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների։

ՆԳՆ-ն խորհրդարանի դիմաց հավաքված հազարավոր ցուցարարների դեմ կիրառել է ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ և այսպես կոչված պղպեղի սփրեյ։ Խորհրդարանի մոտ մի քանի օր է՝ քաղաքացիները, ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների, անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ բողոքի ակցիաներ են անցկացնում «ռուսական օրենքի» ընդունման դեմ։ Բողոքի ակցիան թեժացավ օրենքի նախագծի առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո։

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը Ռուսաստանի Դաշնությունում գործում է 2012 թվականից և օգտագործվում է անկախ լրատվամիջոցներին, քաղաքացիական հասարակությանը և ընդդիմությանը լռեցնելու համար։ 2022 թվականին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գտել է, որ նշված օրենքը խախտում է Եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածով պաշտպանված միավորվելու իրավունքը։ Դատարանը նշել է, որ միջազգային կամ արտասահմանյան աղբյուրներից ֆինանսավորում ստացող կազմակերպությունների համար հատուկ կարգավիճակի և իրավական ռեժիմի ստեղծումն արդարացված չէ, և սահմանափակումները միջամտություն են նրանց օրինական գործառույթներին։

Ամերիկայի Միացյալ Նահանգները, ՄԱԿ-ը, Եվրամիության անդամ երկրները և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները կոչ են անում Վրաստանի խորհրդարանին վերանայել և ետ կանչել «օտարերկրյա գործակալների մասին» օրենքների նախագծերը։ Ինչպես ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը, խորհրդարանական մեծամասնության անդամների նախաձեռնած այս օրենքի նախագիծն անհամատեղելի է Եվրամիության նորմերի և արժեքների հետ։

 

Այս թեմայով՝

Այսօր սև օր է Վրաստանի ժողովրդավարության համար. ԱՄՆ դեսպանատուն

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):