Կադիրովի մերձավոր չեչեն գործարարի և նրա շրջապատի այցը Վրաստան

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Ազդեցիկ չեչեն գործարար և քրեական հեղինակություն Ասլանբեկ Ախմետխանովը, նրա որդին՝ բռնցքամարտի Ռուսաստանի եռակի չեմպիոն Ռոխման Ախմետխանովը և նրանց շրջապատի անդամները գտնվել են Վրաստանում։ Ռուսական պետհամարանիշներով «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաների պահակախումբը նկատվել է Թբիլիսիում և Բաթումիում։ Վրաստանում բնակվող չեչեններն Ախմետխանովին և նրա շրջապատին անվանում են «Կադորովականներ»։ «Կադիրովականները» (кадыровцы) Չեչնիայում անվանում են զինված ստորաբաժանման անդամներին, որոնք աջակցում են Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովին և գտնվում նրա տրամադրության տակ։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Սոցցանցում տարածված տեսանյութերից մեկում երևում է, որ Ասլանբեկ Ախմետխանովը, ում հավանաբար ուղեկցում են անվտանգության աշխատակիցները, նստում է O 777 OC 77 պետհամարանիշով ավտոմեքենան։ Քաղաքացի Խաթունա Մաղլակելիձեն գրում է, որ տեսանյութը նկարահանել է մայիսի 26-ին Թբիլիսիում։ Այն, որ մեքենան պատկանում է չեչեն գործարարին, հաստատում են նրա որդու՝ Ռախման Ախմետխանովի Instagram սոցիալական ցանցում հրապարակած տեսանյութերը։

Ասլանբեկ Ախմետխանով (ձախ կողմում՝ կադր Թբիլիսիում արված տեսանյութից)

Ախմետխանովներն ու նրանց շրջապատի անդամները հավանաբար Վրաստան են ժամանել երկու շաբաթ առաջ։ Հենց այդ ժամանակ է Ռախման Ախմետխանովը հրապարակել մի տեսանյութ, որտեղ նմանատիպ համարանիշներով շքեղ մեքենաների շարասյունը կայանված է մայրուղու վրա։ Մայիսի 22-ին Ախմետխանովների հետ կապված Instagram-ի էջը հրապարակել է նաև Գուդաուրիի ճանապարհին նկարահանված տեսանյութ։

Ասլանբեկ Ախմետխանովը համարվում է Չեչնիայի ղեկավարությանը սոցիալապես մոտ տարր։ Նա 2006 թվականին հիմնադրված «Յուգ-Նեֆտ» (Юг-Нефть) ընկերության գլխավոր տնօրենն է։ Ընկերությունը սարքավորումներ և նյութեր է մատակարարում Ռուսաստանում նավթագազային խողովակաշարերի կառուցման համար։

Ռուսական «Կոմերսանտ» պարբերականի փոխանցմամբ՝ 2020 թվականին Ախմետխանովը հանցավոր խմբի չորս անդամների հետ միասին դատապարտվել է բանկային անօրինական գործունեության համար։ Մոսկվայի Պրեսնենսկիի շրջանային դատարանի որոշմամբ, հակառակ դատախազի պահանջին, որը բոլոր մեղադրյալների համար պահանջում էր 3-ից 4 տարվա ազատազրկում, չեչեն գործարարը դատապարտվել է մեկ տարվա պայմանական ազատազրկման։ Նույն մեղադրանքով Ախմետխանովը երկամսյա տնային կալանքի է դատապարտվել նաև 2017 թվականին։ «Կոմերսանտ»-ը գրում է, որ Ասլանբեկ Ախմետխանովի ընկերությունը հովանավորել է սպորտային մրցումներ։

2020 թվականի ապրիլին Գրոզնոյի հեռուստատեսությունը ցույց է տվել տասը րոպեանոց ռեպորտաժ այն մասին, թե ինչպես է Ռամզան Կադիրովը Չեչնիայի մուֆթիի, ՌԴ Դումայի պատգամավոր Ադամ Դելիմխանովի և չեչնիայի բարձրաստիճան պաշտոնյաների հետ միասին գնացել Ասլամբեկ Ախմետխանովի տուն և հրապարակայնորեն նախատել ու նվաստացրել նրան՝ կանանց ընկերակցությամբ ալկոհոլ խմելու և զենքից կրակելու համար։ «Չեչնիայի ժողովրդի ևս մեկ հակահերոս ներողություն է խնդրում Ռամզան Կադիրովից և բնակչությունից՝ իր անպարկեշտ պահվածքի համար», - հաղորդում էր Չեչնիայի պետական ​​հեռուստատեսությունը։ «Кавказский узел» հրապարակման համաձայն՝ Կադիրովի այցից հետո Ասլանբեկ Ախմետխանովը մի քանի շաբաթ չի հայտնվել հայրենի Գեխ գյուղում։ Նրա կինը տեսաուղերձ է հրապարակել՝ Կադիրովին խնդրելով ներել ամուսնուն։ Ախմետխանովը հավանաբար տուն է վերադարձել Կադիրովի թույլտվությամբ։

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Ասլամբեկ Ախմետխանովը համարվում է քրեական հեղինակություն և որոշակի շրջանակներում հայտնի է «Դև» (Черт) մականունով։ Ինչպես նշում է «Кавказский узел»-ի աղբյուրը, Ախմետխանովին թույլ են տվել բիզնեսով զբաղվել՝ դրա դիմաց Կադիրովի նախագծերը ֆինանսավորելու պայմանով։

Ախմետխանովը Գեխ գյուղից է, բայց ընտանիքի հետ ապրում է Մոսկվայում։ Թբիլիսիում և Բաթումիում արձանագրված մեքենաների երկնիշ ծածկագրերը՝ 77, պատկանում են Մոսկվային։ Չեչնիայի Հանրապետության կոդը 95 է։

Լուսանկարները՝ Ասլանբեկ Ախմետխանովի երեխաների Instagram-ի էջերից

«Եվրոպական կայունության նախաձեռնության կոնտրոնի» հիմնադիր, Արևելյան Եվրոպայի հարցերով փորձագետ Սերգեյ Սումլենը Twittet-ում գրում է, որ այսպես կոչված բլատնոյ (կոռումպացված) «777-77» համարները Ռուսաստանում սովորաբար տրվում են հանցագործներին, պետական ​​կամ հետախուզական ծառայություններին: «Հետաքրքիր է, որ 77 սերիան պաշտոնապես այլևս գոյություն չունի նոր գրանցված տրանսպորտային միջոցների համար, թեև այն ժառանգությամբ փոխանցվում է համակարգի ներսում»,- գրել է փորձագետը։

Հայտնի չէ, թե բացի որդուց՝ ով է ուղեկցել Ախմետխանովին Վրաստան։ Ամենայն հավանականությամբ նրանք արդեն լքել են Վրաստանն ու տեղափոխվել Թուրքիա։ Վրաստանի ՆԳՆ-ն չի մեկնաբանել այս հարցը։

Չեչեն գործարարի մուտքը Վրաստան հաստատել է «Վրացական երազանք» կուսակցության տարածաշրջանային քարտուղար, խորհրդարանի պատգամավոր Դիտո Սամխարաձեն։

«Այն, ինչ ես պարզեցի այս փուլում, այն էր, որ Գրոզնիի պաշտոնանկ արված քաղաքապետը և Կադիրովի կողմից ձերբակալված գործարարը ժամանել է երկիր և նրանց ուղեկցում էին իրենց ընկերները։ Նրանցից ոչ մեկը չի խախտել օկուպացիայի մասին օրենքը։ Այլ մանրամասներ սահմանապահը չի պարզում՝ նա հետախուզման մեջ չէ, օկուպացիայի օրենքը չի խախտվել։ Հետևաբար, ոչ ոք խնդիր չի ստեղծել, եկել են որպես տուրիստ, գումար են ծախսել ու գնացել։ Եթե ​​խախտումներ ունենային, ոչ ոք նրանց ներս չէր թողնի»,- գրել է Սամխարաձեն սոցցանցում։

«Վրացական երազանքի» պատգամավորը «Միացյալ ազգային շարժմանը» և «մի քանի տասնյակ ակտիվիստների» մեղադրել է սադրանքի և կեղծ հայրենասիրության մեջ. «Վինոկուրովի գործով «նացերի» բարձրացրած հարցերը և այսօր ունեն մեկ ընդհանուր բան. Եթե ​​նրանցից որևէ մեկը մուտք գործելուց խնդիրների հանդիպեր, «նացերը» կբղավեին, որ հակապուտինիստ Վինոկուրովը, Գրոզնիի պաշտոնանկ արված քաղաքապետը և Կադիրովի կողմից ձերբակալված գործարարը Վրաստանում խնդիրներ ունեն։ Երբ խնդիրներ չեղան ու այս սցենարը տապալվեց, հետո դարձան նրանք Լավրովի հարազատները, իսկ այսօր՝ կադիրովականներ... Օգոստոսյան պատերազմից հետո այստեղ չեչենական ուսումնավարժական բազաներ ստեղծեցին, ու մեզ մոտ հիմարություններ են փնտրում։ Ի՞նչ խոսեմ այս իրոք դավաճանների հետ», - գրել է Դիմիտրի Սամխարաձեն։

Մայիսին Վրաստանում էին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի ընտանիքի անդամները։ Լավրովի դուստրը՝ Եկատերինա Վինոկուրովան, և նրա ամուսինը՝ ազդեցիկ գործարար Ալեքսանդր Վինոկուրովը, ժամանել են Վրաստան՝ մասնակցելու Կվարելիում նախատեսված հարսանեկան միջոցառմանը։ Նրանք երկուսն էլ պատժամիջոցների են ենթարկվել մի քանի արևմտյան երկրների կողմից։

Ալեքսանդր Վինոկուրովի եղբոր՝ Մոշե Վինոկուրովի հարսանիքը պետք է տեղի ունենար մայիսի 20-ին «Կվարելիի լիճ» հյուրանոց-համալիրում։ Ներքին գործերի նախարարությունը հարակից տարածք է մոբիլիզացրել Հատուկ հանձնարարությունների վարչության և ոստիկանության այլ ստորաբաժանումների հարյուրավոր աշխատակիցների։ Իրավապահները ձերբակալել են առնվազն 16 մարդու, ովքեր հյուրանոցի մուտքի մոտ բողոքել են Լավրովի ընտանիքի անդամների այցի դեմ։

Այս հարցով պարզաբանում չեն տվել նաև Վրաստանի ներքին գործերի և արտաքին գործերի նախարարությունները։

Խորհրդարանի առաջին փոխխոսնակը հաստատել է, որ Լավրովի աղջիկը հատել է վրացական սահմանը։ Գիորգի Վոլսկու խոսքով՝ իրենք ավելի ուշ պարզել են, որ Եկատերինե Վինոկուրովան, որն այսօր ամուսնու ազգանունով է, Լավրովի դուստրն է։

«Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն պարզաբանել է, որ մաքսային ծառայության հիմնական առաջնորդող սկզբունքը օկուպացիայի մասին օրենքն է, և եթե այդ օրենքը չի խախտվել, ծառայությունը որևէ պատճառ չուներ կոնկրետ անձանց Վրաստան մուտք գործել թույլ չտալու համար։

 

Այս թեմայով՝

Ռուսաստանում «գործակալ» հայտարարված Վիկտոր Շենդերովիչին թույլ չեն տվել մուտք գործել Վրաստան

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։