Ռուսաստանի նախագահի խոսքով՝ իր համար անսպասելի էր «անհասկանալի փոթորիկը», որը հաջորդեց Վրաստան հետ ուղիղ չվերթների վերականգնմանը և վիզային ռեժիմի չեղարկմանը։ Ինչպես ասել է Վլադիմիր Պուտինը, թվում էր, թե Վրաստանի իշխանությունները մեկ անգամ չէ, որ բարձրացրել են այդ հարցը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Խորհրդարանն այլևս գոյություն չունի, քանի որ մի կուսակցություն տապալեց սահմանադրությունը. Զուրաբիշվիլի
- 4 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 5 Նախագահի թեկնածու Միխեիլ Կավելաշվիլին բարձրագույն կրթություն չունի
- 6 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
Պուտինն այս հայտարարություններն արել է «Բիզնես Ռուսաստան» կազմակերպության անդամների հետ հանդիպմանը, իսկ հարցը բարձրացրել է Ռոման Բոկերիան, ով «Մոսկովսկի Բիզնես Բրոքերիջ» ընկերության համահիմնադիրն է։ Նրան է պատկանում այս ընկերությունում 35 տոկոս բաժնեմասը, իսկ 50 տոկոսը պատկանում է Վրաստանի նախկին գլխավոր դատախազ Օթար Փարցխալաձեին։
«Վերջերս ընտրվել եմ «Բիզնես Ռուսաստան»-ի գործարար խորհրդի անդամ, որտեղ ներկայացնում եմ մեր ընկերությունը՝ «Մոսկովսկի Բիզնես Բրոքերիջ»-ը։ Ես նաև Վրաստանի բիզնես դեսպանն եմ «Բիզնես Ռուսաստան»-ում։ Ըստ այդմ՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել երկկողմ օդային հաղորդակցության վերականգնման, Վրաստանի և Ռուսաստանի միջև առանց վիզայի ռեժիմի վերաբերյալ ընդունված որոշման համար։ Ես, երևի ավելի շատ, քան որևէ մեկը, հասկանում եմ, թե որքան կարևոր է Ռուսաստանի և Վրաստանի քաղաքացիների համար ուղիղ թռիչքների հնարավորությունը։ Դրա համար ևս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում»,- Պուտինին դիմել է Ռոման Բոկերիան, ով 2019-2021 թվականներին եղել է վրացական Georgian Airways ավիաընկերության գլխավոր տնօրենը։
«Պատկերացրեք, ես միշտ փորձում եմ իմ գործընկերների հետ կիսվել, թե ինչ է կատարվում, բայց այս դեպքում դա իսկապես իմ որոշումն էր և նույնիսկ իմ առաջարկը և կապված բազմաթիվ հանգամանքների հետ, այդ թվում՝ արձակուրդի սեզոնի հետ, ես ուզում էի աջակցել մարդկանց, ովքեր ձգտում են Ռուսաստանի հետ նորմալ հարաբերությունների հենց Վրաստանում, մեր բիզնեսի համար, պարզապես մեր քաղաքացիների համար, ովքեր սիրում են Վրաստանը, ցանկանում են գնալ այնտեղ, հանգստանալ, շփվել վրացական բնության, մշակույթի, խոհանոցի հետ և այլն։
Անկեղծ ասած, ինձ լրիվ զարմացրեց դրան հաջորդած արձագանքը։ Կարծում էի, որ բոլորը կասեն՝ «շնորհակալություն, լավ է», բայց ոչ, այդ հարցի շուրջ ինչ-որ միանգամայն անհասկանալի փոթորիկ է հասունացել: Շատ տարօրինակ և ուղղակի, անկեղծ ասած, անսպասելի: Երբ կողքից նայում եմ, մտածում եմ՝ խելագարվե՞լ են։ Պարզ չէ, թե ինչ է կատարվում այնտեղ։
Ինձ թվում էր, որ Վրաստանի ղեկավարությունը բազմիցս բարձրացրել է վիզաների չեղարկման և նորմալ օդային երթևեկությունը վերականգնելու հարցը, և մենք այդ քայլն արել ենք, բայց այն, ինչ տեղի է ունենում երկրի ներսում, մեր գործը չէ, թող ժողովուրդն ինքը որոշի, թե որ ճանապարհով պետք է գնա Վրաստանը, ինչպես զարգանա և այլն։ Բայց մենք պատրաստ ենք մեր ճանապարհը գնալ, ինչպես ասացի, քայլեր ենք ձեռնարկում և հետագա քայլեր կանենք՝ կախված նրանից, թե ինչպես են դրան արձագանքում մեր գործընկերները։ Ես երբեք չեմ կասկածել, որ դա լավ կլինի բիզնեսի համար, և ես ուրախ եմ, որ դուք դա հաստատում եք: Ձեզ հաջողություն եմ մաղթում»,- ասել է Պուտինը։
Մայիսի 10-ին Վլադիմիր Պուտինը չեղյալ հայտարարեց 2019 թվականի հունիսի 21-ին ընդունած Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ չվերթները արգելելու որոշումը։ Նրա հրամանագրով չեղարկվել է Վրաստանի քաղաքացիների համար 2000 թվականից գործող վիզային ռեժիմը։ Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները խզվել են 2008 թվականի օգոստոսյան պատերազմից հետո, թեև Մոսկվան չի բացառում, որ հաջորդ քայլը կարող է լինել դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը։
Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլին ողջունել է Պուտինի որոշումները և ասել, որ դա կհեշտացնի Ռուսաստանում բնակվող մինչև մեկ միլիոն վրացիների կյանքը։ Նրա խոսքով՝ թռիչքներ կիրականացնեն միայն պատժամիջոցների չենթարկված ավիաընկերություններով և ինքնաթիռներով։
Մոսկվա-Թբիլիսի առաջին չվերթը մայիսի 19-ին իրականացրել է ռուսական «Ազիմուտ» ավիաընկերությունը, որը 89 ուղևոր է տեղափոխել Վրաստան։ Ինքնաթիռում եղել են նաև վրացի ռուսամետ քաղաքական գործիչներ, ակտիվիստներ և գործարարներ՝ Վալերի Կվարացխելիան, Դիմիտրի Լորտկիփանիձեն, Մերաբ Ճիքաշվիլին և Մամուկա Փիփիան։
Հունիսից ռուսական մեկ այլ Red Wings ավիաընկերությունը կսկսի թռիչքներ իրականացնել Սոչի-Թբիլիսի-Սոչի և Մոսկվա-Քութայիսի-Մոսկվա երթուղիներով։ Վրացական Georgian Airways ընկերությունը սկսել է թռիչքներ իրականացնել դեպի Մոսկվա։
Որոշ քաղաքացիներ և քաղաքական գործիչներ դեմ են Ռուսաստանի հետ ուղիղ օդային հաղորդակցությանը, քանի որ կարծում են, որ դա նշանակում է մերձենալ Ռուսաստանի հետ և կորցնել ռազմավարական գործընկերներին։ Ընդդիմախոսների թվում է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ով, ի նշան բողոքի, բոյկոտել է Georgian Airways ավիաընկերությունը՝ Մոսկվա թռիչքների պատճառով և պահանջել ՌԴ քաղաքացիների համար եռամսյա վիզային ռեժիմ սահմանել։