Ռուսական օրենքի ընդունմամբ Վրաստանը կարող է կորցնել Գերմանիայում «անվտանգ երկրի» կարգավիճակը

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Իրակլի Կոբախիձեն և Օլաֆ Շոլցը

Գերմանիայի իշխող Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցությունը (SDP) հայտարարել է, որ Վրաստանը կարող է նորից կորցնել «անվտանգ երկրի» կարգավիճակը, եթե ընդունի ռուսական օրենքը։ Այդ մասին գրում է գերմանական Stern հրատարակությունը։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Գերմանիայի դաշնային կառավարությունն ուշադիր հետևում է քաղաքական իրավիճակի և ժողովրդավարական համակարգի զարգացմանը և ստուգում է, թե արդյոք պայմանները բավարարված են», - ասել է Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցությունից Բունդեսթագի պատգամավոր Հելգե Լիմդը: Եթե ​​պարզվի, որ Վրաստանի բնակչությունը պետք է վախենա հետապնդումներից, «համապատասխան հետևանքներ կլինեն»։

Գերմանական հրատարակությունը նշում է, որ Վրաստանը ձգտում է անդամակցել ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին, և դեկտեմբերին ստացել է ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ, սակայն կառավարության ներկայացրած «վիճահարույց օրենքը» արդեն մի քանի շաբաթ է՝ լարվածություն է առաջացնում։ Stern-ը գրում է, որ այսպես կոչված գործակալների մասին օրենքի քննադատները զուգահեռներ են անցկացնում Ռուսաստանի հակաօտարերկրյա գործակալների մասին օրենքի հետ, որը թույլ է տալիս իշխանություններին «զանգվածային միջոցներ» ձեռնարկել քննադատական ​​լրատվամիջոցների և կազմակերպությունների դեմ:

Գերմանիան 2023 թվականին Վրաստանն ու Մոլդովան ճանաչել է անվտանգ երկրներ։ Ներքին գործերի նախարար Նենսի Ֆեսերը հայտարարել է, որ այս երկու երկրների քաղաքացիները, որոնք ցանկանում են անդամակցել ԵՄ-ին, չեն հետապնդվում քաղաքական հողի վրա։ Անվտանգ երկրների դասակարգումն առաջին հերթին ուղղված է միգրացիան կանխելուն. ապաստան ստանալու համար անվտանգ երկրի քաղաքացիների դիմումներն ավելի արագ են քննարկվում, մերժումն ու արտաքսումը նույնպես ավելի հեշտ են դառնում:

Անցյալ տարի Գերմանիայում ապաստան է խնդրել Վրաստանի 9 399 քաղաքացի, որից 8 414-ը՝ առաջին անգամ, 985-ը՝ երկրորդ։ Միգրացիայի և փախստականների հարցերով դաշնային գերատեսչության հաշվետվության համաձայն՝ քննարկվել է 10 038 քաղաքացու դիմում, որոնցից միայն 0,3%-ն է բավարարվել։

Ապրիլի 17-ին «Վրացական երազանքն» առաջին ընթերցմամբ 83 ձայնով ընդունեց անկախ ԶԼՄ-ները և քաղաքացիական հասարակությունը սահմանափակող օրենքի նախագիծը։ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը և Հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին հայտարարություն են տարածել, որում ասվում է, որ օրենքի վերջնական ընդունումը բացասաբար կանդրադառնա ԵՄ ճանապարհին Վրաստանի առաջընթացի վրա։ Նրանց խոսքով՝ օրենքը չի համապատասխանում Եվրամիության հիմնական նորմերին ու արժեքներին։

Ռուսական օրենքին արձագանքել է նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ Նրա խոսքով՝ վրաց ժողովուրդն ընտրեց եվրոպական ճանապարհը, և ի պատասխան՝ Վրաստանը ստացավ թեկնածուի կարգավիճակ, իսկ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը չի համապատասխանում երկրի եվրոպական նկրտումներին, այն հեռացնում է Վրաստանը Եվրամիությունից։

Ռուսական օրենքը հակասում է Վրաստանի համար Եվրահանձնաժողովի կողմից սահմանված 1-ին և 9-րդ հանձնարարականներին, որոնց համաձայն՝ անդամակցության բանակցությունները սկսելու համար իշխանությունները պետք է ապահովեն քաղաքացիական հասարակության ազատ գործունեությունը երկրում և պայքարեն ընդդեմ Եվրամիության և նրա արժեքներին ուղղված ապատեղեկատվության դեմ։

Իշխող կուսակցությունն առաջին ընթերցմամբ նմանատիպ օրինագիծ ընդունեց նաև անցյալ տարվա մարտին, սակայն բողոքի ակցիաները ստիպեցին հրաժարվել դրանից։ Կուսակցության առաջնորդները խոստացան «անվերապահորեն, առանց որևէ պայմանի» հետ կանչել օրինագիծը, սակայն մեկ տարի անց՝ ապրիլի սկզբին, այն նորից օրակարգ բերվեց։ Օրենքի նախագծի տեքստը մնացել է նույնը՝ միայն «օտարերկրյա ազդեցության գործակալը» փոխարինվել է «օտարերկրյա ուժի շահերը կրող կազմակերպություն» եզրույթով։

«Վրացական երազանքը» մինչև խորհրդարանի ընթացիկ գարնանային նստաշրջանի ավարտը մտադիր է ընդունել ռուսական օրենքը։ Օրենքին դեմ է նաև նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ով ասել է, որ օրենքի վերջնական ընդունման դեպքում կօգտագործի վետոյի իրավունքը։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):