Թբիլիսիում՝ կառավարության շենքի մոտ ցույց է տեղի ունեցել՝ ի պաշտպանություն արտահանձնման կալանքի տակ գտնվող ադրբեջանցի լրագրող Աֆղան Սադիգովի։ Սադիգովի ընտանիքի անդամները, վրացական լրատվամիջոցների և իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, իշխանություններին կոչ են արել լրագրողին չհանձնել Բաքվին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Խորհրդարանն այլևս գոյություն չունի, քանի որ մի կուսակցություն տապալեց սահմանադրությունը. Զուրաբիշվիլի
- 4 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 5 Նախագահի թեկնածու Միխեիլ Կավելաշվիլին բարձրագույն կրթություն չունի
- 6 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
Աֆղան Սադիգովի կնոջ, Սևինջ Սադիգովայի խոսքով՝ ինքը Վրաստանում իրեն ապահով չի զգում, և իրեն նույնպես սպառնում են։
«Ինձ հսկում են, սպառնում, եթե շարունակեմ խոսել Իլհամ Ալիևի մասին, խնդիրների առաջ կկանգնեմ, երեխաներիս վտանգ է սպառնում։ Ինձ սպառնում են երեխաներով։ Իսկ ես ասում եմ, որ չեմ լռելու, ամուսնուս պաշտպանելու եմ մինչև վերջ, ինձ ոչինչ չի կարող խանգարել, քանի որ նա անմեղ է։ Այո, մենք Վրաստանում մեզ ապահով չենք զգում, քանի որ այստեղ կատարվում է Ալիևի հրամանը։ Սա ամոթ է Վրաստանի համար։ Դիմում եմ իշխանություններին՝ պաշտպանելու մեզ»,- ասել է Սևինջ Սադիգովան։
Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ Նոնա Քուրդովանիձեի խոսքով՝ Աֆղան Սադիգովի գործը չի համապատասխանում արտահանձնման միջազգային չափանիշներին։ «Մենք իշխանություններին կոչ ենք անում չհանձնել լրագրողին Ադրբեջանին, քանի որ դա կխախտի Վրաստանի միջազգային պարտավորությունները, և անձը, ով հետապնդվում է իր երկրում իր գործունեության համար, կդառնա քաղաքական արդարադատության զոհ»,- ասել է իրավապաշտպանը։
«Ընտանիքի անդամները լուրջ մտահոգություն են հայտնում, որ Աֆղան Սադիգովը կարող է Ադրբեջանում ենթարկվել անմարդկային վերաբերմունքի, խոշտանգումների, բռնության և չարժանանալ արդար դատաքննության։ Հաշվի առնելով Ադրբեջանում առկա իրավական իրավիճակը՝ այս մտավախությունը միանգամայն իրական է։ Մենք կոչ ենք անում Վրաստանի իշխանություններին կատարել միջազգային կոնվենցիաներով ստանձնած պարտավորությունները և չհանձնել Աֆղան Սադիգովին այն երկրի կառավարությանը, որտեղ նրա իրավունքները կարող են ոտնահարվել»,- ասել է «Մթիս Ամբեբի» լրատվականի խմբագիր Գելա Մթիվլիշվիլին, ով հիշել է նաև Թբիլիսիից մեկ այլ ադրբեջանցի լրագրողի՝ Աֆղան Մուխթարլիի առևանգման և Ադրբեջանի իշխանություններին հանձնման փաստը։ Օրեր առաջ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը տվյալ գործով հայտնաբերել է Վրաստանի և Ադրբեջանի կողմից Եվրոպական կոնվենցիայի հոդվածների խախտում։
Վերջին ամիսներին Ադրբեջանում ձերբակալվել են մի քանի տասնյակ լրագրողներ, իրավապաշտպաններ և քաղաքական ակտիվիստներ։ Օգոստոսի 3-ին Թբիլիսիում ձերբակալվել է կառավարությանը քննադատողներից, Azel.Tv-ի գլխավոր խմբագիր Աֆղան Սադիգովը։ Վրացական դատարանների որոշմամբ նա օգոստոսի 4-ից գտնվում եռամյսա արտահանձնման կալանքի տակ։
Փաստաբանների խոսքով՝ Սադիգովը միջազգային ապաստան է խնդրել Վրաստանում, ինչը հիմք է հանդիսանում արտահանձնման գործընթացը կասեցնելու համար, թեև վերաքննիչ դատարանն այս հանգամանքը հաշվի չի առել։
Վրաստանի ՆԳՆ տեղեկատվության համաձայն՝ լրագրողը հետախուզվում է Ադրբեջանի կողմից՝ սպառնալիքների և շորթման գործով։ Ինչպես պարզվել է, նրա դեմ Բաքվում գործ է հարուցվել 2024 թվականի մայիսին, որը, ընտանիքի անդամների խոսքով, կապված է Սադիգովի գործունեության և կառավարության հասցեին քննադատության հետ։
Աֆղան Սադիգովը Վրաստանում է ապրում 2023 թվականի դեկտեմբերի 24-ից։ Նա ասել է, որ եկել է այստեղ բուժվելու, սակայն իր հասցեին հնչող սպառնալիքների և ադրբեջանցի լրագրողների ձերբակալությունների նոր ալիքի սկսվելու պատճառով այդպես էլ չի վերադարձել հայրենիք։ Ձերբակալությունից մոտ երկու շաբաթ առաջ՝ հուլիսին, նա փորձել է կնոջ և երկու անչափահաս դուստրերի հետ մեկնել Թուրքիա, սակայն Թբիլիսիի միջազգային օդանավակայանի վրացի սահմանապահները թույլ չեն տվել հատել սահմանը։ Այն ժամանակ նրան չեն ձերբակալել և բացատրել են, որ նա կարող է վերադառնալ միայն Ադրբեջան։ Սադիգովներն իրենց ապահով չէին զգում Վրաստանում, և այդ պատճառով նրանք ցանկանում էին լքել երկիրը։
Ամերիկայի Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը մտահոգություն է հայտնել Աֆղան Սադիգովի ձերբակալության կապակցությամբ և կոչ է արել վրացական իշխանություններին «անհապաղ» ազատ արձակել նրան։ Amnesty International-ը և Մամուլի միջազգային ինստիտուտը (IPI) արձագանքել են այս հարցին։ Միջազգային Amnesty International կազմակերպությունը հայտարարում է, որ իշխանությունները պետք է անհապաղ դադարեցնեն լրագրողին արտահանձնելու փորձերը՝ միջազգային իրավունքի պարտավորություններին և չարտահանձնման սկզբունքի պահանջներին համապատասխան, և նրան և նրա կնոջը միջազգային պաշտպանություն տրամադրեն, եթե նրանք դա պահանջեն: Սակայն, ըստ Amnesty International-ի, Սադիգովի գործը Ադրբեջանում անկախ լրատվամիջոցների արմատախիլ անելու միտումի շարունակությունն է։