Մունիցիպալ զարգացման հիմնադրամը մրցույթ է հայտարարել Բորջոմիի, Տղիբուլիի, Դմանիսիի, Ծալկայի, Սագարեջոյի և Օնիի մունիցիպալիտետների՝ Տաբածղուրի, Մուխուրա, Իրգանչայ, Ամամլո, Լամբալո, Թրիալեթի, Ղաբուռ, Ղար գյուղերում մանկապարտեզների կառուցման համար և հատկացրել շուրջ 25 մլն լարի։ Տեղի բնակիչները անցյալ տարի պետիցիա էին ներկայացրել այս գյուղերում մանկապարտեզներ բացելու պահանջով։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
Բորջոմիի Տաբածղուրի գյուղում 75 երեխայի համար նախատեսված մանկապարտեզ կառուցելու համար պետբյուջեից հատկացվել է 2 732 000 լարի։ Տաբածղուրի համայնքը ներառում է նաև Մոլիթ գյուղը։ Երկու գյուղում էլ ապրում են ազգությամբ հայեր՝ ավելի քան 750 մարդ։ Տաբածղուրին գտնվում է ծովի մակարդակից գրեթե 2000 մետր բարձրության վրա։ Մոտակա մանկապարտեզը Ծաղվերի ավանում է, որը գտնվում է 42 կիլոմետր հեռավորության վրա։ Եթե անգամ հասարակական տրանսպորտ լինի, նախադպրոցական տարիքի երեխաների համար շատ դժվար է ամեն օր 84 կիլոմետր ճանապարհ անցնել։ Այդ պատճառով ոչ ոք մանկապարտեզ չի հաճախել։ Տաբածղուրիի բնակչությունը «Մթիս Ամբեբիի» աջակցությամբ անցած տարվա դեկտեմբերին պետիցիայով դիմել էր Բորջոմիի մունիցիպալիտետի սակրեբուլոյին։
Տղիբուլիի մունիցիպալիտետի Մուխուրա գյուղում կգործի 50 երեխայի համար նախատեսված նոր մանկապարտեզ։ Ծրագրի մրցութային արժեքը 2 582 000 լարի է։ Մուխուրան Տղիբուլիի շրջանի միակ բարձրլեռնային գյուղն է։ Մոտակա մանկապարտեզը գտնվում է Տղիբուլի քաղաքում։ Գյուղի տարբեր հատվածներից մինչև Տղիբուլի 10-14 կիլոմետր է, երկու ճանապարհը՝ 20-28 կիլոմետր։ Կլիմայական խիստ պայմանների՝ ձյան, մերկասառույցի, բքի, վատ տեսանելիության պատճառով, Տղիբուլին Մուխուրայի հետ կապող ճանապարհը նոյեմբերից ապրիլ՝ 4-5 ամիս խնդրահարույց է, տեղաշարժը կապված է դժվարությունների հետ։ Ներկայումս Մուխուրայում ապրում է նախադպրոցական տարիքի մոտ 40 երեխա։
Շուրջ 7 մլն լարի է հատկացվել Դմանիսիի Ամամլո և Իրգանչայ գյուղերում մանկապարտեզների կառուցման համար։ Յուրաքանչյուր մանկապարտեզ նախատեսված կլինի 125 երեխայի համար։ Մրցութային առաջարկների ընդունումն ավարտվում է մայիսի 11-ին, իսկ շինարարությունը պետք է ավարտվի հաղթող ընկերության հետ պայմանագրի կնքումից 16 ամսվա ընթացքում։ Երկու գյուղերում էլ բնակիչները պետիցիաներով են դիմել մանկապարտեզներ բացելու պահանջով։ Դմանիսիի քաղաքային խորհուրդը պետիցիաներից ոչ մեկը չի բավարարել, որը «Մթիս Ամբեբիի» աջակցությամբ բողոքարկվել է դատարանում։ Քաղաքացիական ակտիվիստներ Լաշա Չխվիմիանիի և Ռուսլան Օմարովի հայցերը, որով նրանք պահանջում են մանկապարտեզներ բացել Իրգանչայ և Ամամլո համայնքներում, քննում է Բոլնիսիի շրջանային դատարանը։ Քաղաքացիական ակտիվիստները դիմել են նաև Վրաստանի հանրային պաշտպանին՝ խտրականությունը որոշելու խնդրանքով։ Բանն այն է, որ Դմանիսիի մունիցիպալիտետի 57 գյուղերից միայն յոթն ունեն մանկապարտեզ։ Շրջանի բնակչության 65%-ը էթնիկ ադրբեջանցիներ են։ Ի տարբերություն էթնիկ վրացիներով բնակեցված գյուղերի, փոքրամասնություններով բնակեցված ոչ մի գյուղում մանկապարտեզ չի գործում։ Հանրային պաշտպանի գրասենյակն արդեն սկսել է ուսումնասիրել ենթադրյալ խտրականության փաստը։
Իրավիճակը կրիտիկական անհավասար է նաև Սագարեջոյի մունիցիպալիտետում: Շրջանում գործում է 29 մանկապարտեզ։ Գրեթե յուրաքանչյուր վրացական գյուղ ունի նախադպրոցական ուսումնական հաստատություն, բացառությամբ էթնիկ ադրբեջանցիներով բնակեցված գյուղերի, որտեղ բնակվում է մունիցիպալիտետի ողջ բնակչության 33%-ը (շուրջ 17 հազար մարդ): Փոքրամասնություններով բնակեցված 9 գյուղերի մեջ բացառություն է միայն Դուզագրաման՝ մինչև 30 երեխայի համար նախատեսված միակ մանկապարտեզով։ Անցյալ տարվա դեկտեմբերին երիտասարդները պետիցիա են ներկայացրել Սագարեջոյի քաղաքային խորհուրդ՝ Լամբալո գյուղում մանկապարտեզ բացելու պահանջով։ Լամբալոյում շուրջ 300 երեխա զրկված է նախադպրոցական կրթությունից։ Ապրիլի 10-ին Մունիցիպալ զարգացման հիմնադրամը մրցույթ է հայտարարել Լամբալո գյուղում 150 երեխայի համար նախատեսված մանկապարտեզի կառուցման համար։ Ծրագրի նախնական արժեքը 3 800 000 լարի է։ Հայտերը ընդունվում են մինչև մայիսի 10-ը, իսկ շինարարությունը պետք է ավարտվի պայմանագրի ստորագրումից 17 ամիս հետո:
Ծալկայի երկու գյուղերում՝ Թրիալեթիում և Ղաբուռում, արդեն հատկացվել է 3 600 000 լարի մանկապարտեզների կառուցման համար։ Յուրաքանչյուր մանկապարտեզ պետք է նախատեսված լինի 75 երեխայի համար։ Ծալկայի մունիցիպալիտետը պնդում է, որ նախադպրոցական ուսումնական հաստատության կառուցում է նախատեսվում նաև Ախալշենի գյուղում, որի բնակիչները նախորդ տարվա նոյեմբերին պետիցիայով դիմել էին սակրեբուլոյին։ Ծալկայի մունիցիպալիտետի 43 գյուղերից մանկապարտեզ կա միայն վեցում։ Բնակչության մոտ 53%-ը էթնիկ փոքրամասնություններ են։ Այստեղից 39%-ը հայեր են, գրեթե 7%-ը՝ ադրբեջանցիներ, նույնքան՝ հույներ։ Հայերով ու հույներով բնակեցված ոչ մի գյուղում մանկապարտեզ չկա։ Նախադպրոցական կրթությունը հասանելի է հայերով բնակեցված միայն մեկ գյուղում՝ Կիզիլ-Կիլիսայում։
«Մթիս Ամբեբի» առցանց հրատարակությունը և «Քաղաքացիական ակտիվությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը բարձրլեռնային և էթնիկ փոքրամասնություններով բնակեցված գյուղերում նախադպրոցական կրթության հասանելիության խթանման ծրագիրն իրականացրել է USAID-ի Քաղաքացիական հասարակության ներգրավման ծրագրի օգնությամբ:
«Քաղաքացիական ակտիվությունների կենտրոնը» մանկապարտեզներ բացելու և դրանց գործունեությունը ապահովելու պահանջով 11 մունիցիպալիտետների սակրեբուլոներ է ներկայացրել 16 պետիցիա։ 11 մունիցիպալիտետներից 9-ում (Ախալքալաք, Ծալկա, Դմանիսի, Սագարեջո, Բորջոմի, Սաչխերե, Ճիաթուրա, Ցագերի, Ասպինձա) պետիցիայի մեխանիզմը կիրառվել է առաջին անգամ, չնայած այն հանգամանքին, որ պետիցիան որպես ինքնակառավարման իրականացման մեջ քաղաքացիների մասնակցության ձև, տեղական ինքնակառավարման օրենսգրքով սահմանվել է 7 տարի առաջ:
Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին 2022 թվականի վերջին կառավարության նիստում հայտարարեց մանկապարտեզների կառուցման և վերականգնման կառավարության նոր ծրագրի մեկնարկի մասին։