«Նախկինում բաժանարար գծի մոտ ոստիկանական դիտակետերն ավելի շատ էին, քան հիմա։ Ռուսներն ու օսերն օգտվեցին վրացական դիտակետերի բացակայությունից` օկուպանտները սպանեցին Թամազ Գինտուրիին։ Կարծում եմ, որ «Վրացական երազանքը» հակամարտության գոտիները Ռուսաստանին է հանձնում և ձեռքերը կմաքրի «Ազգային շարժման» վրա։ Այդ պատճառով՝ Թբիլիսին ու Մոսկվան ունեն ընդհանուր օրակարգ և նարատիվ։ Մոսկվային չհաջողվեց ենթարկեցնել Վրաստանի իշխանություններին. նրանք չկարողացան իմփիչմենթի ենթարկել նախագահին։ «Վրացական երազանքը» չի կարողանում լիովին հաշվի առնել Ռուսաստանի շահերը. հակառակ դրան և հանուն Վրաստանի ժողովրդի Եվրահանձնաժողովը մեզ հանձնարարական տվեց»,- «Վրաստանի լուրերին» տված հարցազրույցում ասում է քաղաքագետ, հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով նախկին պետնախարար Պաատա Զաքարեիշվիլին։ Նա խոսում է նաև Վրաստանին Եվրահանձնաժողովի կողմից տրված դրական հանձնարարականից հետո աբխազների և օսերի ակնկալիքների մասին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Խորհրդարանն այլևս գոյություն չունի, քանի որ մի կուսակցություն տապալեց սահմանադրությունը. Զուրաբիշվիլի
- 4 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 5 Նախագահի թեկնածու Միխեիլ Կավելաշվիլին բարձրագույն կրթություն չունի
- 6 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- Կիրբալիում Թամազ Գինտուրիի սպանությունից հետո հերթական անգամ օրակարգում հայտնվեց բաժանարար գծի մոտ գտվող բնակչության անվտանգության հարցը։ Կոնկրետ ի՞նչ կարող է անել Վրաստանի կենտրոնական իշխանությունն այդ մարդկանց անվտանգության համար և ինչո՞ւ չի ձեռնարկում այդ քայլերը։
- Այս առումով իշխանությունների հասցեին իսկապես հարցեր են առաջանում՝ նախկինում բաժանարար գծի մոտ ոստիկանական դիտակետերն ավելի շատ էին, քան հիմա։ Բնակիչների խոսքով՝ դրանց մի զգալի մասը քանդվել է, տեղափոխվել այլ վայր կամ ընդհանրապես չեղարկվել։ Սրանք հարցեր են ուղղված Վրաստանի կառավարությանը` ինչո՞ւ են ապամոնտաժվել այդ դիտակետերը: Սրա համար ինչ-որ բացատրություն, ինչ-որ հիմնավորում պետք է լինի։ Եթե անցակետերը հանելու համար տնտեսական հիմնավորում կա, ու այդքան ոստիկան հնարավոր չէր այնտեղ պահել, հասկանալի է, բայց դա թուլացրել է տեղում անվտանգությունը։ Միայն բնակչությանն էր անհանգստացնում ոստիկանական դիրքերի վերացումը, և այդ մասին ինձ ասել են։ Երբ ոստիկաններին ու ՆԳՆ-ին հարցրի, պատասխանեցին, որ այդ ոստիկանները իզուր էին կանգնած այնտեղ, ոչ մի գործառույթ չունեին, գումարներ էր ծախսվում։ Այս դիրքորոշումն ընդունելի կլիներ, եթե ոչ մի վատ բան տեղի չունենար։ Բայց տեղի ունեցավ Գինտուրիի սպանությունը։ Այսինքն, պարզվեց, որ
ինչ-որ մեկն օգտվել է վրացական դիտակետերի բացակայությունից։ Այդ մարդիկ ռուսներն ու օսերն են։ Մենք կարող ենք ավելի շատ դիրքեր ստեղծել այնպես, որ դրանք ԵՄ առաքելությունը որպես խնդիր չդիտարկի:
Գինտուրիի հետ կապված օսերը բողոքում են, որ այդ մարդը զինվորական է եղել, կռվել է 2008-ի պատերազմում, նրան հուղարկավորել են զինվորական կարգով։ Չի բացառվում, որ նրանք Գինտուրիի կարգավիճակը կապեն այն պնդմանը, թե նա «ուղարկված է» եղել և ինչ-որ հանձնարարություն էր կատարում։ Նման առասպելներ ու հեքիաթներ հորինելը շատ հեշտ է։
- Օկուպացված Ցխինվալիի ԶԼՄ-ներում բազմիցս նշվում էր, որ Թամազ Գինտուրին Սաակաշվիլիի կուսակցության հավատարիմ և ակտիվ կողմնակիցն էր։ Ի՞նչ է փորձում անել օսական կողմն այս շեշտադրմամբ։
-Սա նշանակում է, որ հրահանգը գալիս է Մոսկվայից, այսինքն՝ Մոսկվան է խոսում։ Օրինակ, լինի դա Լավրովը, Զախարովան, թե Պեսկովը, Սաակաշվիլիի անունը հաճախ են նշում, քանի որ «Ազգային շարժումը» Ռուսաստանում շատերին հայտնի չէ, բայց Սաակաշվիլիին ճանաչում են բոլորը։
Կարծում եմ, որ «Վրացական երազանքը» հակամարտության գոտիները հանձնում է Ռուսաստանին ու ձեռքերը կմաքրի «Ազգային շարժման» վրա։ Այդ պատճառով էլ Թբիլիսին և Մոսկվան ունեն այս ընդհանուր օրակարգն ու նարատիվը։
Ցխինվալիին Մոսկվան է ասում, թե ինչ բառեր օգտագործի, որ Սաակաշվիլիի ազգանունն ու «Ազգային շարժման» պատասխանատվությունը պետք է տեսանելի լինի։ Ես դրանում տեսնում եմ «Վրացական երազանքի» ռազմավարությունը՝ Աբխազիան և Հարավային Օսիան կամաց-կամաց Ռուսաստանին հանձնելու և մեր հասարակությանը սովորեցնելու, որ ինչ էլ որ լինի դա կլինի Սաակաշվիլիի և «Ազգային շարժման» մեղքը, իսկ «Վրացական երազանքը» կմնա երջանիկ, սպիտակ և փափուկ:
-Ցխինվալիի դե ֆակտո իշխանությունները արագ ազատեցին անօրինական բանտարկությունից Լևան Դոթիաշվիլիին, ով Թամազ Գինտուրիի հետ Լոմիսիի եկեղեցում էր և առևանգվել էր նրա սպանությունից հետո։ Մինչ այժմ Վրաստանի մի քանի քաղաքացիներ անօրինական բանտարկված են Ցխինվալիի և Սոխումիի բանտերում։ Ի՞նչ ռեսուրսներ ունենք նրանց ազատելու համար։
- Ես չեմ զարմացել Դոթիաշվիլիի ազատ արձակումից։ Հիշենք, որ Արչիլ Տատունաշվիլիի հետ ձերբակալված ևս երկու հոգի նույնպես արագ ազատ են արձակվել։ Ինչ վերաբերում է ներկայիս բանտարկյալներին, ապա հայտնի է, որ Աբխազիայում երեք լուրջ դեպք կա՝ Իրակլի Բեբուայի, ինչպես նաև երկու կանանց՝ Քրիստինե Թակալաձեի և Ասմաթ Թավաձեի գործերը։ Այս մարդկանց ազատ արձակման համար պետք է բանակցություններ վարել, բայց դրանք շարունակական չեն։ Չկան այնպիսի բանակցություններ, ինչպիսին մենք ունեինք, երբ 2016 թվականին գերիներին փոխանակեցինք Ցխինվալիի և Սոխումիի հետ։ Ինտենսիվ խոսակցություն չկա, կողմերը միասին խոսում են միայն «թեժ գծի» միջոցով։ Այդպես ոչինչ չի ստացվի, ուղղակի կապեր են պետք։ Կարծում եմ, որ այդ հարցերը կարող են լուծվել անմիջական շփման ու բանակցելու դեպքում։
- Երկու օր առաջ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Եվրամիությունը փորձում է Ռուսաստանին դուրս մղել Կենտրոնական Ասիայից և Անդրկովկասից, և դա չի ստացվի։ Արդյո՞ք այս հայտարարությունը նման չէ 2008 թվականի ՆԱՏՕ-ի Բուխարեստի գագաթնաժողովի հռչակագրից դժգոհ Ռուսաստանի արձագանքին, որին շուտով հաջորդեց ռուս-վրացական պատերազմը։ Ելնելով Վրաստանի՝ Եվրամիությանն ինտեգրման առաջընթացից, ինչպիսի՞ արձագանքներ կարող ենք սպասել Ռուսաստանից։
-Լավրովի հայտարարության մեջ մեկ այլ էական բան կա. եթե ինչ-որ մեկը Ռուսաստանին ճնշում է Կովկասում և Կենտրոնական Ասիայում, դա Չինաստանն ու Թուրքիան են, բայց Մոսկվան չի կարող ձայն հանել դրա վերաբերյալ։ Օրինակ՝ Թուրքիան տարածվեց Ադրբեջանի վրա. Ադրբեջանի քաղաքականությունը թուրքական քաղաքականություն է, և հակառակը՝ նրանք բացարձակ համահունչ են։ Չինաստանը հզորանում է Կենտրոնական Ասիայում։ Ռուսաստանը չի կարող ձայն հանել այս ամենի վերաբերյալ, և միայն Եվրամիությունից է կախվում, քանի որ
եթե Ռուսաստանը ինչ-որ բանից վախենում է, դա ժողովրդավարություն է։ Նա վախենում է ոչ թե Եվրամիությունից, այլ ժողովրդավարությունից։ Այդ իսկ պատճառով է Ուկրաինայում պատերազմ, և դրա համար էլ Մոսկվան չի ցանկանում Վրաստանին հեռու թողնել։
Եվրամիության մուտքն ու ամրապնդումը Ռուսաստանի համար շատ ավելի դժվար է, քան Թուրքիայի և Չինաստանի դեպքում, քանի որ Կրեմլի աչքում այդ պետությունները ավտորիտար ռեժիմներ են, որոնց հետ նա հեշտությամբ կարող է ընդհանուր լեզու գտնել։ Ռուսաստանը երբեք ընդհանուր լեզու չի գտնի ԵՄ-ի հետ։
Այսպիսով, Լավրովի այս հայտարարությունն ինքնին թույլ մարդու հայտարարություն է և դա ցույց է տալիս, որ
Մոսկվային չհաջողվեց ենթարկեցնել Վրաստանի կառավարությանը։ Օրինակ՝ չհաջողվեց իմպիչմենտի ենթարկել նախագահին։ «Վրացական երազանքը» չի կարողանում լիովին հաշվի առնել Ռուսաստանի շահերը. հակառակ դրան և հանուն Վրաստանի ժողովրդի Եվրահանձնաժողովը մեզ հանձնարարական տվեց։
Լավրովն այդ հայտարարությունն արել է սրանից զայրացած։ Վրաստանում պատերազմի հիմք չկա, քանի դեռ որևէ մեկը կոպիտ սադրանք չի արել Ցխինվալիում կամ Աբխազիայում ռուսական բազայի դեմ։ Ֆինլանդիայի հետ կապված Ռուսաստանը նույնպես սպառնաց, որ ոչ ոք չի մարսի ՆԱՏՕ-ի ընդլայնումը, բայց ՆԱՏՕ-ն ընդլայնվեց, ՆԱՏՕ-ի հետ Ռուսաստանի պետական սահմանն ավելացավ, իսկ ի՞նչ արեց Ռուսաստանը։ Ոչինչ։ Նրանք հիմա ոչինչ չեն կարող անել, բացի սպառնալիքներից։ Ավելի լավ է իրենց նայեն Ուկրաինայի համատեքստում և մտածեն, թե ինչպես դուրս գալ այդ իրավիճակից։
Այսպիսով, Լավրովի հայտարարությունը մեզ համար չպետք է անհանգստության առիթ հանդիսանա։ Ռուսաստանը չի համարձակվում ոչինչ անել իրական դերակատարներին՝ Թուրքիային ու Չինաստանին, իսկ Կովկասում Եվրամիության տեսքով նրանց համեմատ թույլ օղակ է գտել։ Սակայն «Վրացական երազանքը» սրանով զգուշացվեց՝ տեսնում եմ, որ տնային աշխատանքդ չես կարողանում անել, այնուամենայնիվ Եվրոպան գալիս է, չնայած գիտեմ, որ դա քեզ դուր չի գալիս։
-Տարբեր ֆորմատներով դուք դեմ առ դեմ հանդիպումներ եք ունենում աբխազների ու օսերի հետ։ Ինչպե՞ս են վերաբերվում Եվրահանձնաժողովի դրական առաջարկին Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ։
-Դրական, միանշանակ դրական արձագանք ունեն։ Բոլոր նրանք, ում հետ խոսում եմ այնտեղ, բավարարված են: Նրանք գիտեն, որ Վրաստանն ավելի չափավոր ու խելամիտ, իսկ Բրյուսելն իր հերթին սկզբունքային ու խիստ է լինելու Վրաստանի նկատմամբ։ Բացի այդ, նրանց համար ավելի հետաքրքիր է Վրաստանը ԵՄ-ում։
Այս փուլում ամենակարևորն այն է, որ նրանք տեսնեն, թե ինպիսի անվտանգ է լինելու Վրաստանը։ ԵՄ-ն ասել է Մոլդովային, որ ճանաչում է նրա տարածքային ամբողջականությունը՝ միաժամանակ կոչ անելով դիտարկել Մերձդնեստրի հատուկ կարգավիճակը։ Եթե Եվրամիությունը Վրաստանի նկատմամբ նման ձևակերպումներ օգտագործի, ապա անդամակցության բանակցությունները սկսելուց հետո շատ լավ կլինի։ Մի կողմից աբխազներն ու օսերը կիմանան, որ խոսքը միջազգայնորեն ճանաչված սահմաններում Վրաստանի տարածքային ամբողջականության մասին է, իսկ մյուս կողմից՝ Վրաստանին մնում է հատուկ հարաբերություններ գտնել Սոխումիի և Ցխինվալիի հետ։ Սա շատ լավ բանաձև է, որն արդեն կիրառվել է Մոլդովայի դեպքում։ Աբխազիայում և Ցխինվալիում այս հարցով հետաքրքրվողները կարդացել է սա և գիտեն, որ Վրաստանը նույնպես կստանա նույն բանաձևը։
-Ինչպե՞ս են վերաբերվում աբխազները Օչամչիրեում ռուսական նավատորմի մշտական բազա տեղակայելու ծրագրին։
- Բացասական, բոլոր մակարդակներում բացասական վերաբերմունք կա այս թեմայի նկատմամբ։ Ոմանք դա հայտարարում են բացահայտ ու բարձրաձայն, մյուսները չեն կարող հրապարակայնորեն արտահայտել։ Աբխազիայի դե ֆակտո իշխանության ներկայացուցիչներն ասում են, որ իրենք այլ ելք չունեն, որ դա Ռուսաստանին է պետք, և իրենք չեն կարողացել հրաժարվել։ Աբխազիայում կարծում են, որ դա իրական վտանգ է ստեղծում և չեն բացառում, որ եթե ինչ-որ պահի իրավիճակը լարվի, Ուկրաինան կարող է ռմբակոծել Օչամչիրեն։
- Ռուսաստանի Դաշնության հետ երկքաղաքացիության վերաբերյալ աշխատանքներն ակտիվորեն ընթանում են երկու օկուպացված շրջաններում։ Նոյեմբերի սկզբին Աբխազիայի դե ֆակտո կառավարության ներկայացուցիչները հերթական անգամ քննարկել են այս հարցը, իսկ Ցխինվալիում մինչև տարեվերջ սպասում են գործընթացի ավարտին։
-Սա ուղղակի անեքսիա է. Ռուսաստանը փորձում է հնարավորինս իր իրավական տարածք բերել Աբխազիայի և Հարավային Օսիայի քաղաքացիներին։ Երբ այս գործընթացն ընթանա իրենց ցանկալի ճանապարհով՝
Մոսկվան կամաց-կամաց կսկսի խոսել ՌԴ քաղաքացիների կողմից երկքաղաքացիություն ձեռք բերելու մասին, ինչին աբխազները կտրականապես դեմ են։
Հարավային Օսիան Ռուսաստանում կարող է չհետաքրքրել շատերին, բայց Աբխազիան իսկապես հետաքրքիր է. շատերն են ցանկանում ունենալ Աբխազիայի քաղաքացիություն: Կարող է ուղղակի կապ չլինել, բայց այս գործընթացի արդյունքներից մեկը կլինի այն, որ Ռուսաստանի քաղաքացիները կկարողանան անշարժ գույք գնել Աբխազիայում:
Հեղինակ՝ Մանանա Մճեդլիշվիլի